Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել հաջորդ տարի 16 տոկոսով ռազմական ծախսերն ավելացնելուն եւ թուլացրել է մահասփյուռ զենքի արտահանման արգելքը՝ դրանով իսկ ընդգծելով, որ հեռանում է ինքնապաշտպանության սկզբունքից, տեղեկացրել է АР-ն։
Անվտանգության նոր ռազմավարության շրջանակում Ֆումիո Կիսիդայի կառավարությունը թույլատրել է նաեւ օտարերկրյա լիցենզիաներով Ճապոնիայում արտադրված զենքի եւ դրա բաղադրիչների արտահանումը լիցենզիա տվող երկրներ։
Կառավարությունը հավանություն է տվել առաջին արտահանական մատակարարմանը՝ համաձայնելով ԱՄՆ ուղարկել «երկիր-օդ» դասի Patriot կառավարվող հրթիռներ, որոնք Ճապոնիայում արտադրվում են ԱՄՆ լիցենզիայով։ Այդ խմբաքանակը կհամալրի ամերիկյան պաշարները, ենթադրվում է, որ ճապոնական արտադրության «փեթրիոթները» կարող են ուղարկվել Ուկրաինա։
Մահասփյուռ զենքի արտահանման արգելքը սահմանափակում էր Ճապոնիայի՝ տեխնոլոգիաներ եւ ռազմական սարքավորումներ ստեղծելու ջանքերի մասշտաբները։
7,95 տրլն իեն (56 մլրդ դոլար) 2024 ֆինանսական տարվա (սկսվում է մարտին) պաշտպանական բյուջեն հնգամյա ծրագրի երկրորդ տարվա համար է։ Ծախսերի պլանը 112,7 տրլն իեն (794 մլրդ դոլար) պետական բյուջեի մի մասն է։
Այս բյուջեն նախատեսում է նաեւ զինված ուժերի հետագա ամրապնդում F-35-ների եւ ամերիկյան այլ զենքերի օգնությամբ։
Ճապոնիան նախատեսում է ծախսել 43 տրլն իեն (300 մլրդ դոլար) մինչեւ 2027թ.՝ իր ռազմական հզորությունն ամրապնդելու համար։
Բյուջեն ավելացնում է սպառազինությունների ծախսերը արդեն 12-րդ տարին անընդմեջ։ Անցած տարի երկրի կառավարությունը բյուջեում ներառել էր 6,8 տրլն իեն (մոտ 48 մլրդ դոլար)։





























