ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 22-ին ստորագրել է օրենք ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին, որը նախատեսում է ռեկորդային՝ ավելի քան 886 մլրդ դոլարի ծախսեր 2024 ֆինանսական տարում պաշտպանական կարիքների համար, տեղեկացրել է Սպիտակ տունը։

Բայդենն իր հայտարարությունում ողջունել է օրենքի ընդունումը, որը  «կրիտիկականորեն կարեւոր լիազորություններ է տրամադրում, որոնք անհրաժեշտ են մեզ զինված ուժերի ստեղծման, ապագա հակամարտությունների զսպման համար, եւ որը միաժամանակ կաջակցի զինծառայողներին, նրանց ամուսիններին եւ ընտանիքներին, որոնք կատարում են այդ առաքելությունն ամեն օր»։

Նա նաեւ մի շարք արտահայտություններ է արել օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, սահմանափակում են ԱՄՆ նախագահի հնարավորությունները՝ երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելու հարցում եւ կարող են հանգեցնել կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակման։

Կոնգրեսը օրենքը վերջնականապես համաձայնեցրել է դեկտեմբերի 14-ին։

Նոր բյուջեում պահպանվել է դրույթը օտարերկրացիներին լրտեսելու վիճելի ծրագրի երկարացման մասին՝ մինչեւ 2025թ.։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա օրինագիծը երկարացնում է Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության գործողությունը՝ թույլատրելով հատկացնել 300 մլն դոլար 2024 եւ 2025 ֆինանսական տարիներին (այսինքն՝ մինչեւ 2025թ. սեպտեմբեր)։

Ուկրաինայի աջակցման միջոցները հատկացվել են 111 մլրդ դոլար լրացուցիչ ֆինանսավորման մասին օրինագծից առանձին, որը դեռ Կոնգրեսում է։