Շաբաթ օրը Թայվանը տեղեկացրել է չինական ռազմական ինքնաթիռների եւ նավերի հայտնվելու մասին կղզու մոտ, քանի որ Պեկինը շարունակում է ռազմական գործողությունները, իսկ մինչեւ ընտրությունները մնացել է երեք շաբաթ, տեղեկացրել է Reuters-ը։

Թայվանը, որը ներկայանում է իբրեւ ինքնիշխան պետություն, բայց պաշտոնապես մտնում է Չինաստանի կազմի մեջ, արդեն չորրորդ տարին դժգոհում է չինական պարեկումից եւ զորավարժություններից կղզու մոտ։

Թայվանում սկսվել է նախագահական եւ խորհրդարանական ընտրարշավը, ընտրությունները կայանալու են հունվարի 13-ին։ Չինաստանի հետ հարաբերությունները տարաձայնությունների գլխավոր թեմաներից են։

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 13.30-ին հայտնաբերել է J-10, J-11 եւ J-16 կործանիչներ, ինչպես նաեւ վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, որոնք գործել են դեպի հյուսիս օդային տարածքում, Թայվանից հարավ-արեւմուտք։

Տասը ինքնաթիռներ հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը՝ փոխգործակցելով չինական ռազմանավերի հետ, նշվել է նախարարության հաղորդագրությունում։

Թայվանը սեփական ուժեր է ուղարկել, տեղեկացրել են նախարարությունում։

Չինաստանը որեւէ կերպ չի մեկնաբանել վերջին ռազմական գործողությունները Թայվանի մոտ։

Թայվանի կառավարությունը չի ընդունում Պեկինի ինքնիշխանության հավակնությունները եւ նշում է, որ միայն կղզու ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։

Հանրային կարծիքի հարցման համաձայն՝ կառավարող Դեմոկրատական առաջադեմ կուսակցության առաջնորդ Լայ Չին-տեն, որին Պեկինը դատապարտում է  որպես անջատողական, Թայվանի հաջորդ նախագահի գլխավոր հավակնորդն է։

Թայվանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Գոմինդանը, սերտ կապեր է պահպանում  Պեկինի հետ եւ խոստացել է վերսկսել երկխոսությունը Չինաստանի հետ, եթե հաղթի ընտրություններում։ Բայց այն եւս պնդում է, որ միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։