Տասներեք բանվոր է զոհվել և 38-ը վիրավորվել կիրակի օրը Սուլավեսի կղզում ինդոնեզական Tsingshan Stainless Steel (ITSS) ընկերությանը պատկանող նիկելի գործարանում վառարանի պայթյունի հետևանքով, հայտնել է արդյունաբերական պարկի սեփականատերը, որտեղ գտնվում է գործարանը:

Reuters-ի հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բանվորները վերանորոգում էին վառարանը և տեղադրում սալերը կիրակի տեղական ժամանակով 05:30-ին (շաբաթ օրը GMT 2130-ին), ինչի հետևանքով զոհվել է ութ ինդոնեզացի և հինգ չինացի բանվոր, ասվում է Indonesia Morowali Industrial Park (IMIP)-ի հայտարարության մեջ:  Գերատեսչությունը հավելել է, որ հրդեհը մարվել է տեղական ժամանակով ժամը 09:10-ին։

«Նախնական հետաքննության  հիման վրա, պայթյունը (հավանաբար) պայմանավորված է եղել վառարանի հատակին դեռևս մնացած պայթյունավտանգ հեղուկով: Վերանորոգման ընթացքում պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է IMIP-ի պաշտոնյան:

Ընկերության մամուլի ներկայացուցիչը հավելել է, որ առաջին պայթյունը մի քանի այլ պայթյուններ է առաջացրել, քանի որ թթվածնի շատ բաքեր են օգտագործվել վերանորոգման համար վառարանի բաղադրիչները զոդելու և կտրելու համար:

IMIP-ը նիկելի արտադրության մասնագիտացված  արդյունաբերական պարկ է, որը պատկանում է չինական Tsingshan ընկերությանը և նրա տեղական գործընկեր Bintang Delapan Group-ին, որը  չժանգոտվող և ածխածնային պողպատ է արտադրում: ITSS-ը արդյունաբերական պարկի վարձակալներից մեկն է, ասել է IMIP-ը:

IMIP-ը կհամակարգի իր գործողությունները փոխկապված կողմերի հետ միջադեպը հետաքննելու համար և կհոգա տուժածների բուժման բոլոր ծախսերը, ասվում է ընկերության հայտարարության մեջ: