Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության Կենտրոնական դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են 1964 թ․ ծնված, քաղաքացի Շ.Կ.-ին, այսպես կոչված, «գողական աշխարհին» օժանդակելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ ՆԳՆ-ի, նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև 1981 թ․  ծնված Ի.Շ.-ին. և «գողական աշխարհին» պատկանելու համար հեռակա մեղադրանք է առաջադրվել 1993 թ․ ծնված Է.Մ.-ին, որն այժմ գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս և հետախուզվում է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով։

Հանցագործությունները պատժվում են մինչև 10 տարվա ազատազրկմամբ։

Իրավապահների ուժեղացված ռեժիմով իրականացրած քննության ընթացքում բացահայտվել են մի քանի հանցավոր դրվագներ, մասնավորապես՝ մեղադրյալներն «օրենքով գողերի» անունից շփումներ են ունեցել տարբեր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ և որպես «գողական մասնաբաժին» գումարի վճարումներ պահանջել։ Ահաբեկման նպատակով տուժողներին ուղարկվել են նաև հետևելու արդյունքում արված լուսանկարներ, իսկ անհնազանդության դեպքում   սպառնացել են սպանել։