ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «չի կարող հորինել մեկ» պատճառ, ըստ որի նախագահները պետք է բացարձակ անձեռնմխելիություն ստանան դատական հետապնդումից, ինչպես պնդում է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դոնալդ Թրամփը, հայտնում է Bloomberg-ը։
Այս մասին Բայդենն ասել է՝ պատասխանելով լրագրողի հարցին, շաբաթ օրը Սպիտակ տնից Քեմփ Դեյվիդ մեկնելուց առաջ, որտեղ նա կանցկացնի Սուրբ Ծննդյան տոնը։
ԱՄՆ Գերագույն դատարանն ուրբաթ օրը հրաժարվել է արագացնել Թրամփի անձեռնմխելիության գործով որոշման ընդունումը։
Դատավորների որոշումը խոչընդոտել է դաշնային դատախազների ջանքերը՝ սկսելու Թրամփի դատավարությունը՝ 2020 թվականի ընտրությունները չեղարկելու նրա փորձերի հետ կապված մեղադրանքներով: Նախկին նախագահը պնդում է, որ ինքը գործել է իր պաշտոնական պարտականությունների շրջանակում 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունների նախաշեմին, երբ նրա կողմնակիցները գրոհեցին ԱՄՆ Կապիտոլիումը՝ փորձելով արգելել օրենսդիրներին հաստատել Բայդենի հաղթանակը:
Դատավարությունը պետք է սկսվի մարտի 4-ին, և հատուկ դատախազ Ջեք Սմիթը ձգտում է արագացնել գործը երկրի բարձրագույն դատարանում քննելը՝ մեկնարկի ամսաթիվն ապահովելու համար: Այժմ առաջին ատյանի դաշնային վերաքննիչ դատարանը կլսի անձեռնմխելիության մասին հայցը, ինչը նշանակում է, որ դատավարությունը կարող է սկսվել համընդհանուր ընտրությունների թեժ պահին կամ ավելի ուշ:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը հունվարի 6-ին «միանշանակ աջակցել է խռովությանը», թեև նա հրաժարվել է հավանություն տալ Կոլորադոյի Գերագույն դատարանի որոշումը, որը նախկին նախագահին զրկելու էր նահանգի ընտրություններին մասնակցելուց: «Դա կախված է դատարանից»,- ասել է Բայդենը։





























