Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն համոզել է Իսրայելին չընդլայնել իր ռազմական գործունեությունը, հայտնում է Reuters-ը։
«Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները թույլ չի տալիս և խանգարում է մեզ օպերատիվ գործողություններ իրականացնել տարածաշրջանում,- ասել է Նաթանյահուն՝ չմանրամասնելով հաղորդումները։- Դա ճիշտ չէ։ Իսրայելն ինքնիշխան պետություն է։ Պատերազմում մեր որոշումները հիմնված են մեր օպերատիվ պատկերացումների վրա, և ես չեմ մանրամասնի»:
Ըստ Նաթանյահուի, Իսրայելի գործողությունները «արտաքին ճնշումներով չեն թելադրված»։
«Մեր ուժերն ինչպես օգտագործելու որոշումը Իսրայելի պաշտպանության բանակի և ուրիշ ոչ մեկի անկախ որոշումն է»,- ասել է Նաթանյահուն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին դադարեցնել կանխարգելիչ հարվածը Լիբանանում «Հեզբոլլահի» ուժերի դեմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի օր անց՝ զգուշացնելով, որ նման հարձակումը կարող է ավելի լայն տարածաշրջանային պատերազմ հրահրել:





























