Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկրի գլխավոր հանցագործներից մեկը տեղի իշխանությունների հետ բանակցություններից հետո հանձնվել է, տեղեկացրել է AP-ն։
Լուիս Անտոնիու դա Սիլվա Բրագան, որն ավելի շատ հայտնի է որպես Զինյո, Ռիո դե Ժանեյրոյի ամենամեծ հանցավոր խմբավորման պարագլուխն է։ Դաշնային ոստիկանության տվյալներով՝ նրա դեմ ձերբակալության 12 օրդեր է տրվել։
«Ձերբակալվածը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, իսկ հետո ուղարկվել բանային համակարգ»,- հայտարարել են դաշնային ոստիկանությունում։
Զինյոյի խումբը գործել է Ռիոյի արեւմտյան շրջանում, որտեղ վերջին տարիներին սպանվել են նրա ավազակախմբի մի քանի անդամներ։ Նա փախուստի մեջ էր 2018 թվականից։
Անցած տարի Fogo Cruzado հասարակական կազմակերպության եւ Ֆլումինենսեի Դաշնային համալսարանի անվտանգության հարցերով զբաղվող հետազոտական խմբի իրականացրած հետազոտության համաձայն՝ խմբավորումը վերահսկում է Ռիո դե Ժանեյրոյի տարածքի մոտ 10 տոկոսը։
Զինյոյի վերահսկած շրջանը լրահոսում հայտնվել է հոկտեմբերին, երբ ավազակախմբի անդամները հրդեհեցին առնվազն 35 ավտոբուս, հավանաբար, ոստիկանության կողմից իրենց ղեկավարներից մեկի սպանության համար վրեժ լուծելու նպատակով։ Հարձակումը տեղի էր ունեցել Ռիոյի զբոսաշրջային շրջաններից հեռու եւ զոհերի չէր հանգեցրել, բայց ընդգծել էր քաոս առաջացնելու եւ վնաս հասցնելու հանցագործների ունակությունը։




























