Նիկարագուա մեկնող ինքնաթիռին, որտեղ 303 հնդիկ ուղեւոր կար, երկուշաբթի թույլ են տվել հեռանալ Ֆրանսիայից։ Այն կասկածվում էր մարդկանց առեւտրի մեջ, տեղեկացրել է DW-ն։
Airbus A340-ը 303 ուղեւոր էր տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններից, այն կանգառ է ունեցել Վաթրիի օդանավակայանում (Ֆրանսիայի արեւելք) վերալիցքավորման համար։ Ինքնաթիռի վրա կալանք է դրվել անանուն տեղեկությունից հետո այն մասին, որ ուղեւորների մեջ կան մարդկանց առեւտրի պոտենցիալ զոհեր։
Ուղեւորների մեջ կային երեխաներ եւ ընտանիքներ։ Չվերթը կանգնեցնելուց հետո ուղեւորներին սկզբում թողել են ինքնաթիռում, իսկ հետո տեղափոխել օդանավակայանի շենք։ Տեղի պաշտոնյաները, բժիշկները եւ կամավորները մահճակալներ են դրել, սնունդ եւ լոգանք ապահովել օդանավակայանում։
Հարցաքննության երկու օրերից հետո Ֆրանսիայի դատախազությունը հավանություն է տվել, որ ինքնաթիռը կիրակի դուրս գա Ֆրանսիայից։ Դատախազության հայտարարությունում նշվել է, որ լիակատար հավանությունը կլինի երկուշաբթի։
12 ուղեւորներ ապաստան են խնդրել, տեղեկացրել է AFP ֆրանսիական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով անունը չնշած աղբյուրին։
Դատախազները չեն մեկնաբանել, թե մարդկանց առեւտրի որ տեսակի մասին է խոսք եղել, եւ արդյոք ուղեւորներին տեղ հասցնելու վերջնակետը Միացյալ Նահանգներն էր։
Այս տարի նկատվել է Մեքսիկայից ԱՄՆ անօրինական ճանապարհով թափանցած հնդիկների մեծ հոսք։
Հնդկաստանի քաղաքացիներն այս տարի ձերբակալվել են 41 770 անգամ՝ փորձելով անլեգալ հատել Մեքսիկայի եւ ԱՄՆ սահմանը։



























