Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ճանաչվել է երկրի ամենահանրահայտ քաղաքական գործիչը, վկայում է Bild am Sonntag թերթի հարցումը։

Պիստորիուսը ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների կուսակցությունից  (ԳՍԴԿ) է, որի անդամ է նաեւ կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կուսակցությունն իշխանության է եկել 2021թ. վերջին եւ երկիրը կառավարում է  «Կանաչների» եւ նեոլիբերալ Ազատ դեմոկրատների (ԱԴԿ) հետ կոալիցիայում, տեղեկացրել է DW-ն։

INSA քաղաքական հետազոտական խմբի անցկացրած հարցման մասնակիցների 42 տոկոսը հայտնել է, որ կցանկանար, որ Պիստորիուսն ավելի շատ ազդեցություն ունենար գերմանական քաղաքականությունում։

Պիստորիուսի նախորդը՝ Քրիստիան Լամբրեհթը ԳՍԴԿ-ից, անցած տարի 16 տոկոս հավանություն ուներ ըստ INSA-ի հարցման։ Պիստորիուսը Լամբրեհթին փոխարինել է այս տարվա հունվարին։

Կանցլերի վարկանիշը բավական ընկել է. Շոլցի հավանության վարկանիշը կազմել է 26 տոկոս, ինչը 10 կետով ցածր է, քան անցած տարի։ Այս տարի նա հավանության 12-րդ վարկանիշն ուներ, իսկ 2022թ. նա երրորդ տեղում էր։

Շոլցի կառավարության շատ այլ անդամներ նույնպես կորցրել են 5-7 կետ 2022թ. համեմատ։