Բեռլինի ոստիկանությունը նախատեսում է Ամանորի նախօրեին խոշոր գործողություն իրականացնել՝ Գազայի պատերազմի շուրջ հասարակության շրջանում լարվածության ֆոնին, հաղորդում է dpa-ն:

«Սա վերջին տասնամյակների ընթացքում Ամանորի նախաշեմին ոստիկանության ամենամեծ գործողությունն Է»,-dpa-ին ասել է Բեռլինի ոստիկանության հանձնակատար Բարբարա Սլոուիկը և հավելել․ «Դա հիմնականում պայմանավորված է Մերձավոր Արևելքի հակամարտությամբ, ինչը շատ ավելի բարդացնում է օպերատիվ իրավիճակը»:

Անցյալ տարի, բացի փողոցներում սովորական հրավառություններից, Բեռլինի որոշ շրջաններում և այլ խոշոր քաղաքներում նույնպես բազմաթիվ ճայթրուկներ էին արձակվել, ինչպես նաև հարձակվել էին ոստիկանների, հրշեջների և բուժաշխատողների վրա։

Սլոուիկը հայտնել է, որ 2000-ից 2500 ոստիկաններ Բեռլինից և Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ նահանգներից և դաշնային ոստիկանությունից ծառայություն են իրականացնելու Ամանորի գիշերը: «Միաժամանակ պարեկային մեքենաների թիվը գիշերային ժամերին սովորական 150-ից կհասցվի 220-ի։ Բացի այդ, դաշնային ոստիկանության 500 աշխատակիցներ կտեղակայվեն քաղաքի ծայրամասային և հեռավոր երկաթուղային կայարաններում: