Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողները փակել են փողոցները Բելգրադի արտաքին գործերի նախարարության և պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նախարարության շենքերի դիմաց, գրում է РИА Новости-ն։
Երկուշաբթի օրը «Ուսանողներն ընդդեմ բռնության» կոչվող շարժման ակտիվիստները դուրս են եկել Սերբիայի մայրաքաղաքի փողոցներ: Նրանք իշխանություններից պահանջում են հրապարակել անցած խորհրդարանական և համայնքային ընտրությունների ընտրողների ցուցակները։
Մի քանի հարյուր ցուցարարներ սուլոցներով հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի Բիրչանինովա փողոցում և դադարեցրել երթևեկությունը։ Նրանք իրենց հետ բերել են «Ընտրագողություն» և «Պայքար» շարժման խորհրդանիշներով պաստառներ, սուլել ու հարվածել են կաթսաներին, վանկարկել հակակառավարական կարգախոսներ։
Ավելի ուշ կազմակերպիչները հավաքվածներին կոչ արեցին բարձրանալ հարակից կենտրոնական փողոց՝ Կնեզ Միլոս։ Մի կողմում Սերբիայի արտաքին գործերի նախարարությունն ու կառավարությունն է, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից ավերված Գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության շենքերը, օտարերկրյա դեսպանատները։
Ոստիկանները տեղի ունեցողին չեն միջամտում, ամբոխը բաժանվել է ու շտապօգնության մեքենան ներս թողել։ Հավաքվածների ընդհանուր թիվը, ըստ РИА Новости-ի թղթակցի, եղել է հազարից պակաս։ Նրանց մեծ մասը ուսանողներ են, բայց կան նաև միջին և տարեց քաղաքացիներ։
Ներքին գործերի նախարարության և Պետական կառավարման նախարարության ընտրական հանձնաժողովի խնդրանքով ստուգվել են Բելգրադում ընդդիմության համար վիճահարույց շուրջ 500 ընտրողների հաշվառումը և փաստացի բնակության վայրը, սակայն խախտումներ չեն հայտնաբերվել։





























