Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այսօր չեն հրավիրել  «Դեսպանների համաժողովին»՝ վրացական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Դեսպանների համաժողով 2023, Վրաստանը՝ Եվրամիության թեկնածու երկիր» միջոցառումը բացել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:

Սա տարեկան ժողով է։ Անցյալ տարի Զուրաբիշվիլին հրավիրվել էր, սակայն ինքը չի եկել, քանի որ նրան չեն տվել արձանագրությամբ նախատեսված տեղը։

«Անցյալ տարի Վրաստանի նախագահը հրավիրված էր, ճիշտ է, ինքը չի մասնակցել դեսպանների համաժողովին։ Այսօրվա խորհրդաժողովն ուներ հետեւյալ ձեւաչափը. հաշվի առնելով, որ ամբողջ տարվա ընթացքում հենց Վրաստանի գործադիր իշխանությունն ու խորհրդարանն էին իշխանության երկու հիմնական ճյուղերը, որոնք աշխատում էին արդյունքի հասնելու համար (ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ), խորհրդաժողովը կազմակերպվել էր այդ տրամաբանությամբ», - հայտարարել է Իլյա Դարչիաշվիլին։