Երկուշաբթի ԱՄՆ-ի զինված ուժերը «պատասխան» ավիահարվածներ են հասցրել Իրաքին այն բանից հետո, երբ նույն օրը ավելի վաղ «Իրանին աջակցող զինյալները միակողմանի հարձակում են իրականացրել անօդաչու թռչող սարքից, որի արդյունքում ամերիկացի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, կա եւս երկու վիրավոր», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով հարվածներ են հասցրել Իրաքում ժամը 01:45-ին, ինչի հետևանքով, հավանաբար, զոհվել են «Քաթաիբ Հեզբոլլահ»-ի մի քանի զինյալներ և ոչնչացվել են այդ խմբավորման կողմից օգտագործվող բազմաթիվ օբյեկտներ։

«Այդ հարվածները կոչված են պատասխանատվության ենթարկել այն տարրերին, որոնք անմիջականորեն պատասխանատու են Իրաքում եւ Սիրիայում կոալիցիայի ուժերի վրա հարձակումների համար եւ նրանց զրկել հարձակումները շարունակելու հնարավորությունից։ Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ուժերը»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլայի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով զոհեր են եղել: