Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կառաջադրվի չորրորդ ժամկետի համար, հայտարարել է նրա կուսակցությունը՝ նշելով, որ նա լինելու է կուսակցության կոնսենսուսային թեկնածուն գալիք խորհրդարանական ընտրություններում, տեղեկացրել է AP-ն։
Շարիֆը, որը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, Պակիստան է վերադարձել հոկտեմբերին, Լոնդոնում արտաքսման չորս տարիներից հետո, որպեսզի խուսափի բանտարկությունից, որը նրան սպառնում էր կոռուպցիայի մեջ մեղադրվելու համար։
Սակայն վերադառնալուց հետո դատավճիռը չեղարկվել է բողոքարկմամբ, եւ նա առաջադրվելու իրավունք է ստացել, նոր վարչապետի ընտրությունները կայանալու են փետրվարի 8-ին։
«Ոչ մի կասկած չկա։ Նավազ Շարիֆը վարչապետի մեր թեկնածուն է»,- ասել է Շարիֆի կուսակցության ներկայացուցիչ Ռանա Սանաուլա Խանը։
Շարիֆը վարչապետի պաշտոնից հեռացել է 2017թ. կոռուցպիայի մեղադրանքի պատճառով։ 2018թ. հուլիսին նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման Լոնդոնում շքեղ բնակարաններ գնելու համար։ Նույն թվականի դեկտեմբերին նրան դատապարտել են եւս յոթ տարվա ազատազրկման այն տեղեկությունը թաքցնելու մեղադրանքով, թե ինչպես է նրա ընտանիքը 1999թ. հիմնել պողպատաձուլական գործարաններ։
Շարիֆի գլխավոր մրցակիցը՝ Իմրան Խանը, ներկայում բանտարկված է, բայց նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու պլանների մասին։ Խանը պաշտոնազրկվել էր նրան անվստահություն հայտնելու պատճառով 2022թ. ապրիլին, բայց մնացել է առաջատար դեմք, իսկ նրա «Պակիստանյան Թեհրիկ-ի-Ինսաֆ» կուսակցությունը մեծ թվով կողմնակիցներ ունի։





























