Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Իսրայելի վարչապետին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է Times of Israel-ը։

Մասնավորապես, Նաթանյահուն թուրք առաջնորդին խորհուրդ է տվել Իսրայելին բարոյականության մասին դասախոսություններ չկարդալ։

«Քրդերի դեմ ցեղասպանություն իրականացնող Էրդողանը, որն իր իշխանության դեմ հանդես եկող լրագրողներին բանտարկելու համաշխարհային ռեկորդակիր է, վերջին մարդն է, որը կարող է մեզ բարոյականություն քարոզել»,- ասել է նա։

«Իսրայելի պաշտպանության բանակը աշխարհի ամենաբարոյական բանակն է, որը պայքարում է աշխարհի ամենանողկալի և դաժան ահաբեկչական կազմակերպության՝ ՀԱՄԱՍ-ԻԳԻԼ-ի դեմ, որը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել, և որին Էրդողանը գովաբանում և հյուրընկալում է»,- հավելել է Իսրայելի վարչապետը։  

Սրան ի պատասխան, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հրապարակում է արել X սոցիալական ցանցում՝ քննադատելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, հայտնում է Anadolu-ն։

«Իսրայելի վարչապետ Նաթանյահուն վերջին մարդն է, որը կարող է խոսել ցեղասպանության հետ կապված որևէ բանի մասին։ Նա վարպետություն է ձեռք բերել, որպեսզի խաղաղ բնակչության դեմ իր կատարած ռազմական հանցագործությունները աշխարհին որպես ինքնապաշտպանություն ներկայացնելու հարցում։ Նույնիսկ եթե աշխարհը չկարողանա կանգնեցնել նրան, պատմությունը նրան կդատապարտի որպես ռազմական հանցագործի»,- գրել է նա։

Ալթունը նշել է, որ Թուրքիան «ահաբեկչության դեմ պայքարի հարուստ փորձ ունեցող երկիր է»։

«Իսրայելի վարչապետ Նաթանյահուն վերջին մարդն է, որն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ մեր պայքարի մասին։ Մենք ավելի քան 40 տարի պայքարում ենք PKK ահաբեկչական խմբավորման և նրա ճյուղերի դեմ։ Թուրքիայում քուրդ ժողովուրդն ինքն է պայքարել   PKK-ի դեմ, որն անխտիր սպանում է խաղաղ բնակիչներին և երեխաներին, ինչպեսև ինքը՝ Նաթանյահուն»,- հայտարարել է նա։

Ըստ Ալթունի, Իսրայելի վարչապետի գործողություններն անբարոյական բնույթ են կրում. «Իսրայելի վարչապետ Նաթանյահուն վերջին մարդն է, որը կարող է խոսել բարոյականության մասին։ Նա չի կարող որևէ մեկին դասախոսություն կարդալ՝  ինչպես վարել հակաահաբեկչական գործողություններ, քանի որ այս ոլորտում փորձ չունի: Վերջին չորս տասնամյակների ընթացքում նա  պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու առաքելություն է իրականացնում: Այժմ նա  տեղափոխել է հաջորդ մակարդակ՝ օգտագործելով իսրայելական բանակը՝ խաղաղ բնակիչներին իրենց տներում, հիվանդանոցներում և փախստականների ճամբարներում սպանելու համար»:

«Պարոն Նաթանյահուն չի կարող որևէ մեկին մոլորեցնել՝ մեղադրելով մեր նախագահ Էրդողանին՝ ուշադրությունը շեղելու իր ռազմական հանցագործություններից։ Աշխարհը տեսավ, թե ինչ է կատարվում օկուպացված Պաղեստինում։ Քաղաքացիական անձանց սպանելով  և պատերազմն ընդլայնելով՝ իր քաղաքական կարիերան փրկելու Նաթանյահուի հուսահատ փորձերը դատապարտված են ձախողման։ Մեր նախագահ Էրդողանըեղածն անվանեց իր անունով, և նա չի դադարի պայքարել հանուն արդարության, որքան էլ Նաթանյահուն ստեր հորինի»,- շարունակել է գերատեսչության ղեկավարը։

«Մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը միավորվել մեր ջանքերի շուրջ՝ անհապաղ հրադադարի և կայուն խաղաղության բանակցությունների հասնելու համար։ Մենք կատարել  և շարունակելու ենք կատարել  մեր բաժին աշխատանքը՝ չնայած Թուրքիայի դեմ ուղղված քաղաքական հարձակումներին և զրպարտությանը։ Մենք կշարունակենք ասել ճշմարտությունը»,- հավելել է Ալթունը։