Մոլդովայի՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվեն հնարավոր չէ կազմակերպել Մերձդնեստրի տարածքում, քանի որ այդ տարածաշրջանը չի վերահսկվում մոլդովական իշխանությունների կողմից: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական «Veridica» պարբերականին տված հարցազրույցում։
«Ընտրական տեղամասերը չեն կարող բացվել Մերձդնեստրի տարածաշրջանի տարածքում, քանի որ այն չի վերահսկվում սահմանադրական մարմինների կողմից»,- ասել է Սանդուն: Նա նշել է, որ Դնեստրի ձախ ափի բնակիչները կարող են գալ քվեարկելու աջ ափին գտնվող ընտրատեղամասերում։
Սանդուն ստորագրել է Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը 2022 թվականի մարտին։ Մի քանի ամիս անց Քիշնևը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, երկօրյա գագաթնաժողովից հետո, Եվրոպական խորհուրդը որոշեց բանակցություններ սկսել Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։
Մայա Սանդուն դեկտեմբերի 24-ին խորհրդարանին խնդրել է 2024 թվականի աշնանը ԵՄ անդամակցության վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնել: Նախագահը հնարավոր է համարել, որ Մոլդովան կարող է Եվրամիությանը միանալ մինչև 2030 թվականը չճանաչված Մերձդնեստրի հետ միասին, թեև այժմ այդ տարածաշրջանը չի վերահսկվում Քիշնևի կողմից: ԵՄ-ում միևնույն ժամանակ չեն բացառել, որ անդամակցությունը կարող է տեղի ունենալ առանց Մերձդնեստրի:





























