Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվորեն փոքր անօդաչու թռչող սարքեր է կիրառում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից օգտագործվող թունելները հետախուզելու համար, հաղորդում է «Wall Street Journal» թերթը:

Նախքան անօդաչուների օգտագործումը, իսրայելցի զինծառայողները փորձել են Գազայի հատվածի թունելների հետազոտման տարբեր մեթոդներ՝ ռոբոտներ, ռոբոտ շներ, սակայն ընտրությունը կանգ է առել անօդաչուների վրա՝ դրանց բարձր արդյունավետության և ցածր գնի պատճառով: Իսրայելցի զինվորականները կիրառում են «XTEND» ընկերության ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր, որոնց գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում և Իսրայելում:

Սարքերը հագեցած են հատուկ տեսախցիկներով, որոնք առցանց ռեժիմով ստեղծում են տեղանքի թվային եռաչափ մոդել։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ նրանք կարող են ավելի հեշտությամբ թռչել գետնի տակ գտնվող տարածքներում և թունելներում: