Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության է հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին՝ մի քանիսը շրջելով:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: