Դեկտեմբերի 27-ին ելույթ ունենալով Կորեայի Աշխատավորական կուսակցության ութերորդ գումարման կենտրոնական կոմիտեի IX պլենումի ընդլայնված նիստում, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռացող 2023 թվականն անվանել է մեծ շրջադարձի տարի, ինչը կարևոր  նշանակություն ունի երկրի զարգացման համար՝ նրա հզորության ամրապնդման և ցուցադրման առումով, գրում է DW-ն։ Մինչդեռ տարվա ընթացքում փորձագիտական ​​քննարկումների առարկան ոչ միայն Փհենյանի միջուկային հրթիռային ծրագիրն էր, այլև Հյուսիսային Կորեայի բռնապետի դստեր՝ Կիմ Չժու Է-ի ապագա հնարավոր դերը։

Կիմ Չժու Է-ն  առաջին անգամ  հանրության առաջ հայտնվեց հոր՝ Կիմ Չեն Ընի հետ 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հյուսիսային Կորեայի ամենահզոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) Hwasong-17-ի արձակման ժամանակ։ Ենթադրվում է, որ աղջիկն այդ ժամանակ մոտ 9 տարեկան էր, նա անմիջապես գրավեց վերլուծաբանների և լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն այն ժամանակ    գործնականում չքննարկվեց ԿԺԴՀ-ի ուժային կառույցներում նրա ապագա դերը, որտեղ ը մշտապես գերակշռում են  տղամարդիկ։

Թեև 2023 թվականի փետրվարին Կիմ Չժու Է-ն արդեն ուղեկցել էր հորը հինգ միջոցառումների ժամանակ, փորձագետները, այնուամենայնիվ, համակարծիք էին, որ նա չի կարող համարվել Կիմ Չեն Ընի հավանական ժառանգորդը։ Կոնֆուցիական արժեքային համակարգը, որը դեռևս շատ կարևոր է մնում հյուսիսկորեացիների համար, կնոջը հնարավորություն չի տալիս դառնալ պետության առաջին դեմքը։

Սակայն վերջին ամիսներին այս ի սկզբանե   ընդունված տեսակետը աստիճանաբար փոխվել է, իսկ դեկտեմբերի 6-ին Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Կիմ Յոն Հոն նույնիսկ լրատվամիջոցներին հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավարը, կարծես, «շտապում է» իր դստերը, չնայած երիտասարդ տարիքին, դնել համընդհանուր ուշադրության կենտրոնում   և  ազգին նախապատրաստել իշխանության երրորդ փոխանցմանը՝ աշխարհում միակ ժառանգական  կոմունիստամետ ​​դինաստիայի շրջանակում:

Նախարարի եզրակացություններին այժմ համամիտ է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS): Դեկտեմբերին NIS-ի նոր ղեկավար Չո Թհե Յոնը KBS մեդիաընկերությանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Կիմ Չժու Է-ին, իսկապես, պատրաստում են նրան, որ մի օր իր հորը փոխարինի Հյուսիսային Կորեայի ղեկին:

Ըստ Չոյի, հյուսիսկորեական քարոզչամեքենան միացել է առավելագույն հզորությամբ և ակտիվորեն  աղջկա անձի  պաշտամունք է ձևավորում։ Տեղական լրատվամիջոցներում նրան այժմ անվանում են «Կորեայի վաղորդյան աստղ», տիտղոս, որը նախկինում պատկանում էր երկրի հիմնադիր Կիմ Իր Սենին: