Եթովպիայի հյուսիսային Թիգրայ նահանգին սուր հումանիտար ճգնաժամ է սպառնում՝ կապված երաշտի հետեւանքների հետ։ Այս մասին տեղեկացրել է Addis Standard թերթը՝ հղում կատարելով նահանգի իշխանությունների հայտարարությանը։
Նրանց տվյալներով՝ ճգնաժամը կարող է ողբերգական մասշտաբների հասնել, ինչպես տեղի ունեցավ Եթովպիայում 1984-1985թթ., եւ որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Վերջին մեկ ամսում երաշտի հետեւանքով Թիգրայի շրջաններից մեկում՝ Աբերգելե Յեչիլայում, զոհվել է 400 մարդ, 297 հոգի ծայրահեղ վիճակում է։ Այժմ ավելի քան 2 մլն բնակիչ Թիգրայում պարենի սուր անբավարարության խնդիր ունի։
Այս առնչությամբ նահանգի իշխանությունները դիմում են կենտրոնական կառավարությանը եւ համաշխարհային հանրությանը՝ խնդրելով անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերել երաշտի եւ վերջին մարտական գործողությունների հետեւանքները վերացնելու համար։ Խոսքը ենթակառուցվածքին եւ առողջապահական հաստատություններին հասցված վնասի մասին է, ինչը հանգեցրել է այն բանին, որ միլիոնավոր մարդիկ փախել են նահանգից։ Նրանք մնացել էին առանց գոյության միջոցների։
2020թ. նոյեմբերին ապստամբները Թիգրայում խռովություն բարձրացրին՝ գրոհելով դաշնային ուժերի վրա։ Դրանից հետո նրանք սկսեցին շարժվել դեպի երկրի հարավ՝ Ադիս Աբեբան շրջափակելու նպատակով, բայց կառավարական ուժերին հաջողվեց կանգնեցնել նրանց հարձակումը։ Դաշնային իշխանությունները եւ ապստամբների ղեկավարները 2022թ. օգոստոսի 24-ին փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին։ Մարտեր սկսվեցին Թիգրայի հարավում եւ հարեւան Ամհարա նահանգի հյուսիսում։ 2022թ. սեպտեմբերի 1-ին ապստամբների ղեկավարությունը մեղադրեց Եթովպիայի եւ հարեւան Էրիթրեայիիշխանություններին իրենց դիրքերի վրա Թիգրայի հյուսիս-արեւմուտքում հարձակումների համար, իսկ նույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ նահանգի հյուսիս-արեւելքում հարձակման համար։ Աֆրիկյան միությունը կողմերին առաջարկեց բանակցություններ իր հովանու ներքո, որոնք սկսվեցին հոկտեմբերի 25-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում։




























