Նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, հայ-վրացական սահմանում տեղի ունեցած փոքրիկ միջադեպը ընթացող սահմանագծման աշխատանքների արդյունք է: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվի Բաղրամյանը:
«Ներկայումս սահմանին սահմանագծման տեխնիկական աշխատանքներ են ընթանում, եւ միայն չափագրման հետ կապված փոքր հարց է առաջացել»,- հայտնեց Բաղրամյանը՝ հավելելով, որ նման միջադեպերը հաճախ են լինում սահմանագծման գործընթացի ժամանակ:
Անդրադառնալով միջադեպի ժամանակ վրացական բանակի ներկայացուցիչների հայտնվելու, նաեւ երկու երկրների սահմանապահ ուժերի ղեկավարների հայտնվելու փաստին, Բաղրամյանն ընդգծել է, թե դժվար թե այդ փաստը համապատասխանի իրականությանը:
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպի մասին այսօր հաղորդել էր «Հայք» թերթը: Աղբյուրի պնդմամբ՝ սահմանապահների միջեւ լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ հայկական կողմը փորձել էր սահմանային սյուներ տեղադրել ու հանդիպել էր վրացական կողմի դիմադրությանը:



























