Թեեւ Հայաստանի ԱԳՆ-ն ու ՀՀԿ խոսնակները հայտարարում են, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ընտրվելը մեզ համար մտահոգիչ չէ, բայց շուտով մենք դրա դառը պտուղները քաղելու ենք: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է ակտիվ պահեր իր թեկնածությունը, պայքարեր, որ Ադրբեջանը չդառնա ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ: «Մեր իսթեբլիշմենթի մոտ որոշումները կայացվում են յուրայիններով: Մադրիկ չեն հասկանում, որ լավագույն խորհրդատուն օպոնենտն է: Սա մեզանում չեմ հասկանում, եւ արդյունքում սխալվում են»,- ասաց նա ու հավելեց. «Պետք է տեսնել սեփական շահը, ոչ թե հույսը դնել, որ Ադրբեջանի եւ Սլովենիայի պայքարում Սլովենիայի շանսերն ավելին են լինելու, որն, ի վերջո, սխալ դուրս եկավ»:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ընտրվելու հետեւանքներին, նշելով. «Բաքվի լիազորությունները բավական լայն են, միայն վետոյի իրավունք չունի, փոխարենն օրակարգ ձեւավորելու իրավունք ունի: Կբերեն մի այլանդակություն, կսկսվի աշխատանք, վերջում կմնա տհաճ էլեմենտներով փաստաթուղթ կամ փաստաթղթեր, ու դրանցով կխփեն մեր դիվանագիտության գլխին»:

Դաշնակցական գործիչը նշեց նաեւ, որ մեր դիվանագիտությանն օգուտ չեն բերում տեղի ունեցածի կարեւորությունն ու վտանգները նսեմացնելու բոլոր փորձերը: