Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության եւ փոխգործակցության համար:  Հանրապետության ղեկավարը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին եւ նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման եւ բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսեւորման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների եւ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար: