ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանությունը հետաքննում է տղամարդու մահը, որը երկուշաբթի երեկոյան մտել է Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայանում կայանած Delta Air Lines-ի ինքնաթիռի շարժիչի մեջ, հայտնում է CNN-ը։

Օդանավակայանի տվյալներով, 30-ամյա տղամարդը տերմինալից վթարային ելքով մտել է օդանավակայանի անվտանգ տարածք, վազել դեպի օդանավակայանի արևմտյան թռիչքուղու հարավային ծայրը, որտեղ կատարվում էին հակասառցակալման աշխատանքներ, և մտել ինքնաթիռի չգործող շարժիչի մեջ։

Օդանավակայանից հայտնել են, որ փրկարարները տղամարդուն գտել են անգիտակից վիճակում և չեն կարողացել նրան ուշքի բերել: Առայժմ պարզ չէ, թե ինչ վնասվածքներից է տղամարդը մահացել։

Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ տղամարդը Յուտա նահանգի բնակիչ Քայլեր Էֆինգերն էր:

Էֆինգերը Դենվեր թռիչքի համար  կտրոն ուներ, ասել են վարչությունից:

Delta Air Lines-ի տվյալներով, 2348-Airbus A220  չվերթը, որը պետք է թռչեր  Սան Ֆրանցիսկո, վերադարձել և իջեցրել է բոլոր 95 ուղևորներին։ Արդյունքում չվերթը չեղարկվել է։