Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս ՌԴ կատարած պետական այցի ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամլո ասուլիսի ընթացքում հայատարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետի խոսքով` հատկանշական է, որ եթե նախկինում կողմերն ընդգծում էին հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչը, ապա այս անգամ առաջին պլան էր մղվել տնտեսականն ու հումանիտարը, ինչը հաստատվում է այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերով, որոնք վերաբերում են հումանիտար, էներգետիկ ոլորտներում համագործակցությանը, տնտեսական կապերի զարգացմանը: Այցը հաստատեց դաշնակցային-գործընկերային հարաբերությունները, նաեւ այն փաստը, որ Հայաստանը կարեւորում է ՌԴ-ի հետ ունեցած միջպետական հարաբերությունները, եւ որ Մոսկվան շարունակում է մնալ տարածաշրջանային շահագրգիռ խաղացողներից մեկը:
Իր հերթին, մամլո ասուլիսի մյուս մասնակից, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ «մարդկանց ավելի շատ հետաքրքրում է, թե ում հետ հանդիպեց նախագահը եւ ինչու», եւ ում է սատարելու ՌԴ-ն Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնին հնարավոր վերադարձի ենթատեքստում: Այս կապակցությամբ քաղաքագետը հիշեց Եվրասիական միություն ստեղծելու մասին Պուտինի հայտարարությունը, բայց չմանրամասնեց թեման:
Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ տեղի է ունեցել հոկտեմբերի 23-25-ը:



























