Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար հատկացնելու կարգը փոխելու վերաբերյալ որոշումը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը հիշեց Հաջողության ջենտլմենները» ֆիլմից մի դրվագ:
Խոսքը վերաբերում է նրան, որ հունվարի 1-ից այդ հավելավճարը կհատկացվի միայն գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին՝ պահպանելով ներկայումս սահմանված՝ գիտական աստիճանի համար հավելավճարների չափը, այն է՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ:
«Ինչու ենք մենք պայման դրել, որ եթե դու դոկտոր ես, միշտ չէ, որ դոկտորի համար գիտական աստիճան են ունենում: Լավ օրից չէ, որ այդպես է արվել, որովհետև մենք ունենք գիտական աշխատողներ, որոնց գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի մի դրվագ, երբ ասում է՝ «Ես էլ մի ընկեր ունեմ եռամյա կրթության, ինքն էլ է դոցենտ, 10 ռուբլին կես ժամվա ընթացքում այնպես կնկարի, որ բոլորդ կզարմանաք»: Առվազն հանրությանը մի քանի դեպքեր են հայտնի, երբ ինչ-որ գիտական աստիճաններ են տրվել»,- ասաց Փաշինյանը:
Նա նաեւ հավելել է. «Ընդ որում ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ: Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»:




























