Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրան ներկայացրել ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջոն Հեֆերնին` դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ վստահ է, որ դեսպանը դիվանագետի եւ ՆԱՏՕ-ում աշխատանքի տարիներին պաշտպանության, անվտանգության հարցերի շուրջ կուտակած մեծ փորձը կծառայեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման գործում:

Պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաեւ Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից ցուցաբերված եւ ցուցաբերվող աջակցությունը: Դեսպանը հավելել է, որ ողջունելի է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ ամերիկյան կողմը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել եւ զարգացնել հարաբերությունները հայկական կողմի հետ երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում: