Հայ չորս փորձագետներ մասնակցել են Թուրքիայում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաիմաստավորումը» կոնֆերանսին: Կոնֆերանսի հիմնական կազմակերպիչը Թուրքիայի ԱԳՆ-ն էր: Հայ եւ թուրք փորձագետներից բացի, մասնակցել են նաեւ այլ երկրների փորձագետներ, մասնավորապես, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, ՌԴ-ից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից:
Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը նոյեմբերի 2-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում նշեց, որ թուրք փորձագետները միանգամայն վերացած են իրականությունից. «Նրանց բարձրացրած հարցերը եւ շեշտադրումները զարմանք եւ հիասթափություն էին առաջացնում, կոնֆերանսի մասնակիցներից մեկը նույնիսկ միտք արտահայտեց, որ ժամանակը իզուր է վատնվել»:
Ըստ քաղաքագետի` թուրք փորձագետներն ամեն կերպ փորձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ինչը հարուցել է ադրբեջանցի փորձագետների դժգոհությունը, ովքեր հայտարարել են, որ Թուրքիան թող որոշի` Հայաստանի հետ կարգավորում է հարաբերությունները, թե ոչ, առանց Ադրբեջանի մասին խոսելու: Բացի այդ, թուրք փորձագետները փորձել են բարձրացնել վաղուց հնացած հարցեր:
Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության վերաբերյալ հարցին` քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-ն մեծ երկիր է` մեծ հնարավորություններով: Բայց պետքարտուղարի հայտարարությունն ավելի շատ ցանկություն էր հիշեցնում, քան իրականություն: Ըստ նրա` այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի մոռացել հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Նախօրեին թուրք-ամերիկյան խորհրդի կոնֆերանսին նվիրված ընթրիքի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Ըստ թուրքական Anadolu գործակալության` Քլինթոնը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը դրական քայլ կլինի եւ հույս էր հայտնել, որ Թուրքիայի գործող խորհրդարանը կվավերացնի Դիվանագիտական հարաբերությունների մասին հայ թուրքական արձանագրությունները:




























