Հայաստանի իշխանություններն ուզում են օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:




























