Նախկին գերի Արթուր Բադալյանի գործը մուտքագրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Փաստաբանի խոսքով` օրերս ՄԻԵԴ-ից պատասխան է ստացվել այն մասին, որ գործն ստացվել, գրանցվել եւ համարակալվել է:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր անտառում եւ 2009թ. մայիսին գերի էր վերցվել: Միայն կես տարի անց էր Ադրբեջանը հաստատել նրա գերեվարության փաստը` մինչ այդ կտրուկ հերքելով տեղեկությունները: Բադալյանը հայրենիք էր վերադարձվել ընթացիկ տարվա մարտի 17-ին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Եվրոպական դատարան էր դիմել Վանաձորի փաստաբանական «Պոպուլեքս» գրասենյակը: Փաստաբանների խոսքով` տվյալ գործով դատավճիռը կարող է նախադեպ դառնալ նմանատիպ այլ դեպքերի համար:




























