Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական պատվիրակությունը արձանագրել է Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում: Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում  լրագրողներին  հայտնել է հանձնաժողովի հայ համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան գործընթացի հետ կապելը:  «Մենք հերթական անգամ արձանագրեցինք, որ այդ գործընթացները միանգամայն տարբեր են եւ միմյանց հետ որեւէ կերպ հատվել չեն կարող», - ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին` Ն. Զոհրաբյանը նշել է կարծիքների ընդհանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում: «Մենք նշել ենք խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ հայտարարել, որ լիովին համամիտ ենք Մինսկի խմբի որոշումներին»,  - հավելեց Ն. Զոհրաբյանը:

Իր հերթին, հանձնաժողովի եվրոպացի համանախագահ Միլան Ցաբրնոխը հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը համարել է խաղաղ կարգավորումը:  «Այս համատեքստում մենք նաեւ նշել ենք ստատուս-քվոյի պահպանման անցանկալիությունը», - ասել է Ցաբրնոխը: