Գնումների մասին օրենսդրության լավարկումների մասին շատ ենք խոսում, բայց կարծես այդքան շատ չենք լավարկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երեկ մտծում էի, իսկ կարո՞ղ է իմաստ ունի գնումների մասին օրենսդրության լավարկման ինչ-որ մեխանիզմ ստեղծենք, որը կգործի անկախ հանձնարարականներից»,-ասաց նա:
Ֆինանսների նախագահ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024-ի սկզբից նախաձեռնել են գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթացը. «Օրերս ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիտարկումները եւ առաջիկայում մենք ավելի լայն խորհրդակցությունների շրջանակ կբացենք, այդ թվում տնտեսվարողների եւ ՀԿ-ների հետ:
Մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե եղածում փոփոխությունների մասին: Ֆունդամենտալ քայլեր ենք իրականացնելու, որոնց մասին ես պարբերաբար կզեկուցեմ»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության հաշվետվությունը քննարկելիս մենք էլի եկանք հանգեցինք նրան, որ այդ ոլորտում եւս գնումների հարցը կարգավորելու խնդիր եւ օրակարգ ունենք: Ես ակնկալում եմ, որ դա մեր ուշադրությունից բաց չթողնենք:
Լուրջ կազմակերպությունները, կամ այն կազմակերպությունները, որոնք մենք կուզենայինք, որ կառավարության հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ: Ինչպես պետական կառավարման համակարգում շատ բաներ, գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին եւ բիզնես հարաբերություններին: Երկրորդը, մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում եւ համակարգը լրացուցիչ լարում ենք: Մարդիկ ասում են՝ գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են՝ էս մեկը էն մեկի հետ է ատկատ, մենք գործ չունենք: Սա մեզ համար պրոբլեմ է:
Ասում են՝ ավելի լավ է կառավարության հետ գործ չունենանք։ Պետք է գնումների համակարգում չարաշահումների տեղ չթողնվի։ Մեզ շատ դեպքերում մեղադրում են, թե փողը տալիս եք, հետո քար ու փայտով ընկնում եք մեր հետևից»,- նկատեց կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս հարցը պետք է կարգավորվի օրենսդրությամբ։
Փաշինյանն ասաց, որ ընկերություները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում։





























