Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանում կստեղծվի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպ պայքարում աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։
«Ես այստեղ որոշակի ճեղքեր եմ տեսել, որն անհրաժեշտ է փակել: Այստեղ խնդիրը առավել համակարգված պայքար ծավալելն է: Նախորդ տարի ԱԽ նիստում մենք հանձնարարել ենք, որ ՆԳՆ-ն թրմամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություն մշակի: Այս աշխատանքային խումբը կարող է օգտակար նշանակություն ունենալ այդ ռազմավարության մշակմանը:
Գիտեք, որ այս պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով: Այստեղ մենք խնդիր ունենք նաեւ վերլուծելու արձանագրված ցուցանիշները»,-ասաց Փաշինյանը:
Արձանագրելով, որ բացահայտումների թիվն աճել է, վարչապետն ասաց. «Քանի որ սա հանցագործության լատենտային տեսակ է, գուցե թե բացահայտման թվերի աճը ցույց է տալիս մեր պայքարի արդյունավետության մեծացումը, ինչը կարող է լինել: բայց մյուս կողմից դա նաեւ նույնքան վկայում է պրոբլեմի ծավալների մեծացման մասին: Ակնհայտ է, որ մենք հիմա այդ շրջանառության մի հսկայական մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով Իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել»,-ասաց նա։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ կան բավականին խոսուն արդյունքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ 2 տարում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որոնցից 287-ը կալանավորվել են։ 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան»,- ասաց ՔԿ նախագահը։
Նա նշեց, թե 2023-ի ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ են բացահայտվել, նաև՝ 8 սենյակ-լաբորատորիաներ, որտեղից իրացվել են թմրանյութեր։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ ասաց, որ 2023 թվականին համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 489 դեպք է արձանագրվել, որից 128-ը՝ իրացման, 361-ը ձեռքբերման դեպք է եղել։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է շատ ուշադիր լինել, թե ինչ է կատարվում դպրոցներում ու բուհերում. «Հետևողական պայքար պետք է մղենք, պրոբլեմների ծավալներն ակհայտ մեծ են»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի մաքսանենգության դեպքերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս։





























