Հայաստանի 100 հազ. պետական ծառայողների համար 2012 թ. պետական բյուջեում առաջին անգամ նախատեսվել է սոցիալական աջակցության փաթեթ` 18 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` այդ գումարը պետծառայողների միջեւ կբաշխվի հավասարաչափ` անկախ զբաղեցրած պաշտոնից եւ աշխատավարձի չափից: Այդպիսով` յուրաքանչյուր պետծառաայողի հաշվով սոցիալական աջակցության գումարը կկազմի տարեկան 180 հազ. դրամ;

Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` սոցիալական աջակցության փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար։ Քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել գումարը, սակայն վճարումը կիրականացնի համապատասխան հիմնարկի հաշվապահությունը:

Այդ չորս ուղղություններն են. բժշկական ապահովագրություն, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարում (ընդ որում` ինչպես բնակարանի գնման, այնպես էլ վերանորոգման), կրթություն եւ հանգիստ Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: 

Ֆինանսների նախարարը խոստացավ, որ վճարումները կիրականացվեն առանց բյուրոկրատական քաշքշուկների: «Նախարարությունում կամ հիմնարկությունում որեւէ մեկը չի որոշի` արժե՞ այդ վճարումը կատարել, թե՝ ոչ»,- ասաց Վ.Գաբրիելյանը: