«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալու առաջարկությամբ` մի անգամ ավելացնել Հայաստանի ԱԳՆ ծախսերի շրջանակներում տեղեկատվական նյութերի տարածման համար հատկացվող միջոցները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կայացած բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է Եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Դիմելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է պաշտոնական Բաքվի քարոզչությանը հակազդելու միջոցներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, հատկապես որ Ադրբեջանը ՄԱԿ-ում լրացուցիչ հարթակ է ստացել: «Առավել եւս, եղբայրական Ադրբեջանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Թուրքիան»,- նշել է Զոհրաբյանը:
Իր հերթին Նալբանդյանը հայտարարել է, թե Ադրբեջանի քաղաքականությունը, եթե այն կիրառվի Անվտանգության խորհրդում, դժվար թե զգալի արդյունքներ տա: «Թուրքիան արդեն եղել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եւ եթե ինչ-որ բաներ ձեռնարկելու լիներ, արդեն կաներ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, հայտարարություններին, որ Ադրբեջանը կարող է օգտագործել Անվտանգության խորհրդի հարթակը որպես ղարաբաղյան հարցի խոսափող, քարոզչության արդյունք են: Նալբանդյանը հիշեցրել է Մամեդյարովի ելույթը, թե Ղարաբաղի հարցը բարձրացնելու համար հարկավոր է հինգ մշտական անդամների համաձայնությունը:
Զոհրաբյանը փաստարկը բավարար չհամարեց եւ պահանջեց ավելացնել քարոզչական նյութերի համար հատկացվող ֆինանսավորումը:
Նշենք, որ ըստ պետբյուջեի նախագծի, հրատարակչական եւ տեղեկատվական ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 11,8 մլն դրամ:




























