Հայաստանի Սփյուռքի նախարարության բյուջեն 2012թ. կկազմի մոտ 712,2 մլն դրամ կամ մոտ 1,9 մլն դոլար:

Ինչպես նոյեմբերի 4-ին  խորհրդարանում  2012թ. պետբյուջեի նախագծի լսումների ընթացքում հաղորդեց Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 274,8 մլն դրամ: «Արի տուն» ծրագրի իրականացման համար կհատկացվի 75 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում, ինչպես նախորդ տարի, Սփյուռքից Հայաստան կայցելեն 800 պատանիներ եւ աղջիկներ:

Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերի իրականացման համար 32,5 մլն դրամ կառանձնացվի: Մասնավորապես, 2006-2007թթ. Հայաստան ժամանած իրաքյան համայնքի հայերի ինտեգրման համար նախատեսվում է հատկացնել 3 մլն դրամ:  «Գումարի  չափը պայմանավորված է նրանով, որ իրաքահայերի հետ աշխատանք են տանում նաեւ այլ գերատեսչություններ, օրինակ` տարածքային կառավարման նախարարությունը: Մեր նախարարությունը պատասխանատու է այդ խմբի մարդկանց միայն մշակութային եւ կրթական ինտեգրման համար», - ասել է Հրանուշ Հակոբյանը: Որոշ պատգամավորներ նկատեցին, որ պետական անբավարար հոգածության  պատճառով Իրաքից ժամանած հայերը սկսել են հեռանալ Հայաստանից, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ ներկայումս Հայաստանում շուրջ 700-800  իրաքահայ է բնակվում:

Սփյուռքին նվիրված հեռուստա-ռադիոհաղորդումների պատրաստման համար կհատկացվի 34,6 մլն դրամ, համացանցային կրթական կայքերի մշակման համար` 30,3 մլն դրամ:

Սփյուռքի նախարարության բյուջեից դուրս, Կրթության եւ գիտության նախարարության ծրագրերի շրջանակներում, Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման համար կհատկացվի 36,1 մլն դրամ: