Հայկ Մարությանը, ով հայ ժողովրդին կիսեց սև ու սպիտակի, անցած նիստին մե'ր որոշմամբ հեռացվեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Նա ներկայացրեց, թե ինչու «Հանրային ձայն»-ը գնաց այդ քայլին․ «Որովհետև մենք դեմ ենք թե ներկաներին, թե նախկիններին։ Որտեղ, որ պահին, կարողանանք ինչ-որ մեկին հեռացնել հանրության աչքից, մենք դա անելու ենք»,- նշեց Վահան Ավագյանը։
Նա անդրադարձավ նաև «Սանիտեք ինթերնեյշնլ» ընկերության դատական հայցին՝ Երևան համայնքից գումար գանձելու վերաբերյալ։ Ասաց, որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Վճռաբեկ դատարանը մերժել է քաղաքապետարանի բողոքը, իսկ «Սանիտեքի» Վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան։ «Էս գումարների հարցով ինչ կասեք, սա մի քանի միլիարդ դրամի մասին ա, որ տուժում ա համայնքը»,- նշեց Վահան Ավագյանը։





























