Երեկ ես եղել եմ այնտեղ, հաշվառվել է, թե ինչ ընտանիքներ կան, որ այնտեղ ապրում են. ընթացքն իմ լիազորությունների սահմանում չի, բայց ամեն ինչը ներկայացված է վերադասին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նրանց հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Քաղաքապետարանը երեւանցիներին պատկանող տարածքները վերադարձնում է երեւանցիներին: Այնտեղ հիմա շատ տարածքներ ուղղակի ցանկապատված են, ոչինչ չկա մեջը: Գուցե ժամանակին մարդիկ այնտեղ ծառեր են տնկել եւ օգտվել են այդ բերքից: Հիմա այդ ամենը քանդվելու է, դառնալու է հանրությանը: Երեւանի գլխավոր հատակագծով վաղուց դա կանչապատ տարածք է: Այդտեղ ժամանակին անտառ է եղել»,- ասաց նա:
Բեգոյանը խոստացավ, որ այն մարդիկ, որոնք բնակվելու տեղ չունեն, ու հիմա ապրում են այդ քանդվելու ենթակա շինություններում, իրենց խնդիօրը ինչ-որ կերպ կլուծվի. «Ինչ-որ լուծում տրվելու է այն անձանց, որոնք իրապես տեղ չունեն եւ բնակվել են այդ փոքրիկ տնակներում, քաղաքապետարանն ինչ-որ մոտեցում ցույց է տալու: Դա քաղաքապետի լիազորությունն է, ես շատ փոքր եմ, որ նման որոշում կայացնեմ:
Այնտեղ, որտեղ նախատեսվում է մոտակա ժամանակներում քանդման աշխատանքներ արվեն, բոլոր այդ տեղերում այցելել ենք: Մենք տեսանք, որտեղ են մարդիկ բնակվում, ֆիքսեցինք, թե որտեղ կան շինություններ եւ եղած շինություններում որտեղ են մարդիկ բնակվում»,-ասաց նա:
Բեգոյանը պայմանավորվեց, որ հինգշաբթի ժամը 12-ին 5 հոգու կընդունի եւ խնդիրները կքննարկի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:





























