Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը ցուցարարների հետ զրույցում ասել է, որ մոտակա օրերի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի այգու հատվածում քանդման աշխատանքներ չեն իրականացվի, մինչ քննարկումները կավարտվեն և հնարավոր կլինի խնդրի լուծման տարբերակեր առաջարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին քաղաքապետարանից:

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչերի իրականացրած բողոքի ակցիան ավարտվել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուկչյանի հետ հանդիպմամբ: Նա նշել է, որ քանդման աշխատանքներ այգու հատվածում դեռևս չեն իրականացվի:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 4-ին Նոր Նորքի Լվովյան փողոցի որոշ հատվածներում ապօրինի բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում էին չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են տասնյակ տարիներով:

Ավելի վաղ՝  փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է: