Զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանվելու համար Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի օդանավակայանում զինվորներ են տեղակայվել, հայտնում է BBC-ն։

Ականատեսները պատմել են, որ կրակոցներ են լսվել Տուսեն Լուվերտուր օդանավակայանի մերձակայքում, քանի որ անվտանգության ուժերը բախվել են զինված խմբավորումների անդամների հետ:

Ավազակների նպատակն է կանխել վարչապետ Արիել Հենրիիի վերադարձը Հաիթի, որը, ենթադրաբար, գտնվում է արտերկրում: Նրա բացակայության պայմաններում երկրում բռնություններ են սկսվել, և զինված խմբավորումները պահանջում են նրա հրաժարականը։

Հենրին անցած շաբաթ հեռացավ Հայիթիից՝ մասնակցելու Գայանաում կայանալիք տարածաշրջանային գագաթնաժողովին: Այնտեղից նա մեկնել է Քենիա՝ համաձայնագիր ստորագրելու Հաիթիում բազմազգ ոստիկանական ուժեր տեղակայելու վերաբերյալ։ Նրա ներկայիս գտնվելու վայրն անհայտ է:

Մինչ նա Քենիայում էր գտնվում, նախկին ոստիկան Ջիմի Շերիզիերի գլխավորած ավազակախմբերի կոալիցիան հարձակման անցավ՝  գրոհելով Հաիթիի երկու ամենամեծ բանտերը և հարձակվելով ոստիկանական բաժանմունքների վրա:

Բանտերի վրա հարձակման հետեւանքով զոհվել է մոտ մեկ տասնյակ մարդ։ Հազարավոր բանտարկյալներ փախել են և մնում են ազատության մեջ։

Հենրիին փոխարինող նախարարը 72 ժամով արտակարգ դրություն է հայտարարել։

Հաիթիական Le Nouvelliste թերթը հայտնում է, որ բռնությունների պատճառով վերջին օրերին դադարեցվել են ինչպես միջազգային, այնպես էլ ազգային կոմերցիոն թռիչքները։ Le Nouvelliste-ը հավելում է, որ մասնավոր ինքնաթիռները նույնպես վայրէջք և թռիչք չեն կատարել օդանավակայանից։

Հաղորդվում է, որ զինյալների՝ պատի անցքից օդանավակայան մտնելու փորձը կասեցվել է անվտանգության ուժերի կողմից։ Օդանավակայանի հանդեպ հսկողությունը վարչապետ Հենրիի վերադարձը երկիր խոչընդոտող հիմնական գործոնն է:

Զինված խմբավորման առաջնորդը պահանջում էր վարչապետի հեռացումն իշխանությունից այն պահից, երբ վարչապետը 2021 թվականի հուլիսին երդվել է որպես նախագահ Ջովենել Մոիսեի իրավահաջորդ: