Ամերիկյան ֆեդերալ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկին քննարկել 1915-ի Հայոց ցեղասպանության ժառանգներին ապահովագրական ընկերությունների կողմից դատական կարգով փոխհատուցում ստանալու նախորդ տարի դատարանի կողմից ընդունված որոշումը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ 9-րդ դատարանը 2009-ին չեղյալ էր համարել 11 տարի առաջ Քալիֆորնիայի նահանգում  Հայոց ցեղասպանության ժառանգներին ապահովագրական ընկերությունների դեմ փոխհատուցման համար դատական հայցեր ներկայացնելու որոշումը։

Սակայն նախորդ տարվա դեկտեմբերին դատարանը չեղյալ էր համարել 2009-ին իր կողմից ընդունված որոշումը՝ թույլ տալով Ցեղասպանության ժառանգներին փոխհատուցման համար դատական գործեր բացել ապահովագրական ընկերոթյունների դեմ։ Դատարանը սա պայմանավորել է նրանով, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը չի հակասում այս որոշմանը։

Սակայն դատարանը ներկայումս որոշում է կայացրել՝ կրկին քննարկել նախորդ տարի դեկտեմբերին ընդունած որոշումը։ Նշվում է, որ որոշումը չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ է լինելու 11 դատավորներից 6-ի ձայնը։