Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Շահբազ Շարիֆին Պակիստանի վարչապետ ընտրվելու, երկրի կառավարության ձևավորման կապակցությամբ և հաստատել 2024 թվականին Պակիստան այցելելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հաստատում եմ այս տարի Պակիստան մեկնելու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մեր հանդիպումը կնպաստի արդյունաբերության, դեղագործության, գյուղատնտեսության, նավթաքիմիայի, էլեկտրատրանսպորտի, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացմանը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նա Պակիստանի վարչապետին մաղթել է կյանքի կոչել երկրի հետագա զարգացման բոլոր ծրագրերն ու նախագծերը՝ նշելով, որ դրան կնպաստի Մինսկի հետ համագործակցությունը։

«Իսլամաբադը մեր վստահելի գործընկերն է արդեն 30 տարի: «Ուրախ եմ նշել, որ Բելառուսի և Պակիստանի կառավարությունները բարեխղճորեն իրականացնում են երկկողմ կապերն ակտիվացնելու պայմանավորվածությունը, որը մենք ձեռք ենք բերել 2022 թվականին Սամարղանդում և Աստանայում անձնական հանդիպումների ժամանակ»,- ասված է շնորհավորանքում։