Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մարտի 9-ին, Ստամբուլում, Գիտության տարածման հիմնադրամի գլխավոր վեհաժողովի 53-րդ համագումարում հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու նրա թիմը «իրենց դրել են Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի եւ Իոսիֆ Ստալինի հետ նույն շարքում», տեղեկացրել է «Անադոլուն»։

Անկարան ջանքեր է գործադրել եւ շարունակում է գործադրել, որպեսզի Իսրայելը, որին համաշխարհային հանրությունն արդեն դատապարտել է իր հոգում, կանգնի քրեական դատարանի առջեւ միջազգային օրենքների համապատասխան, հայտնել է նա։

Թուրքիայի նախագահը նաեւ ափսոսանք է հայտնել, որ մուսուլմանական երկրները՝ 2 մլրդ մարդ ընդհանուր բնակչությամբ, «չեն կատարել իրենց եղբայրական պարտքը պաղեստինցի ժողովրդի առջեւ՝ այդ բառի իսկական իմաստով»։

«Մարդկության դեմ հանցագործություններով, որոնք կատարվել են Գազայի հատվածում, Նեթանյահուն եւ նրա թիմը իրենց անունները գրել են Հիտլերի, Մուսոլինիի եւ Ստալինի անունների հետ նույն շարքում՝ որպես մեր ժամանակների նացիստներ»,- ասել է Էրդողանը։

Նա ուշադրություն է հրավիրել Անկարայի՝ Գազայի հատվածին ցուցաբերվող հումանիտար աջակցության ջանքերի վրա։

Նա ավելացրել է, որ «այսօր էլ հավատարիմ է այն դիրքորոշմանը, որին հավատարիմ էր 15 տարի առաջ պաղեստինյան հարցում»։

«Երկիրը, որը պաղեստինյան գործին աջակցում է ամենաբարձր մակարդակով, պետության ու ժողովրդի մակարդակով, անկասկած, Թուրքիան է»,- ասել է Էրդողանը։