Մարտի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում 2 BMW-ներ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները «դրիֆտ» են անում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կարճ ժամանակում քրեական հետախուզության օպերլիազորները հայտնաբերել են «դրիֆտ» կատարողներին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվել է՝ նրանք են Արթիկ քաղաքի բնակիչ, 22-ամյա Նոյ Վարագյանը, որը եղել է 23 ՏՏ 103 համարանիշի ավտոմեքենայով, և Երևանի բնակիչ 22-ամյա Ալեն Մանուկյանը, որը եղել էր 01 XX 647 համարանիշի ավտոմեքենայով։
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Վարագյանը ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի որդին է:





























