ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի օրն ուղիղ կրակ են բացել ԿԺԴՀ-ի հետ սահմանից 25 կմ հարավ գտնվող Սինջինի զորավարժարանում: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի զինվորականները տանկերի կրակով ոչնչացրել են ենթադրյալ հակառակորդի թիրախները։ Զրահատեխնիկայի գործողություններին աջակցություն է ցուցաբերել ամերիկացի ռազմական ինժեներների մասնակցությամբ ստեղծված խառը աջակցության ստորաբաժանումը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին երկու երկրներից մասնակցել է մոտ 300 զինվորական։
Հրաձգությունը տեղի է ունեցել «Ազատության վահան» համատեղ զորավարժության շրջանակում, որն անցկացվում է մարտի 4-ից 14-ը։ Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորախմբի հրամանատար Փոլ Լակամերայի խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը, որը ներառում է գործողություններ ցամաքում, ծովում, օդում և կիբերտարածությունում, ԿԺԴՀ-ին միջուկային զենքերի հնարավոր օգտագործումից հետ պահելն է։





























