Սիրիայում այցով գտնվող ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը կիրակի կոչ է արել Դամասկոսին վերադառնալ երկրի սահմանադրության վերանայման բանակցություններին, քանի որ քաղաքական երկխոսությունը, ըստ նրա, զարգանում է «սխալ ուղղությամբ», հայտնում է AFP-ն։
«Իրավիճակը Սիրիայում այժմ չափազանց բարդ է, և ես կարծում եմ, որ բոլոր ցուցանիշները սխալ ուղղություն են մատնանշում, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, տնտեսությանը և քաղաքական գործընթացին»,- Դամասկոսում լրագրողներին է ասել Պեդերսենը:
«Մենք պետք է շարունակենք հանդիպումները Ժնևում և զարգացնենք սահմանադրական կոմիտեն և կոմիտեի աշխատանքն այնպես, որ կարողանանք հույս տալ սիրիացիներին», - ասել է Պեդերսենը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպումից հետո:
Անցյալ ամիս Պեդերսենն ասել էր, որ Մոսկվան և Դամասկոսը հրաժարվել են բանակցությունների իններորդ փուլն անցկացնել Ժնևում՝ բանակցությունների նշանակված վայրում, և որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել այլընտրանքային վայրի շուրջ:
Պեդերսենը 2019 թվականի հոկտեմբերից փորձում է առաջընթաց գրանցել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հետ՝ երկրի սահմանադրությունը վերաշարադրելու կամ փոփոխելու շուրջ բանակցություններում, սակայն առանց մեծ հաջողության:
Ժնևի բանակցությունները դադարեցվեցին 2022 թվականին այն բանից հետո, երբ Դամասկոսի դաշնակից Մոսկվան դեմ արտահայտվեց Շվեյցարիայի հանդիպմանը՝ կասկածի տակ դնելով դրա չեզոքությունը:





























