Ավստրիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը ձերբակալվել է ոստիկանության կողմից շաբաթ օրը Շվեյցարիայի Արգաու կանտոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս այն բանից հետո, երբ կազմակերպիչները չեն կատարել միջոցառումը չեղարկելու ոստիկանության պահանջը, հայտնում է Reuters-ը:

«Հանուն նույնականության շարժման» առաջնորդ Մարտին Սելները, որի կազմակերպությունը 2019 թվականին Գերմանիայի ներքին հետախուզական ծառայության կողմից բնութագրվել է որպես ծայրահեղ աջ խմբավորում՝ ի նշան հակաիսլամական և ռասիստական ​​հայացքներ ունեցող արմատականների նկատմամբ պաշտոնական մտահոգության, մեկնել էր Թեգերֆելդեն, որպեսզի ելույթ ունենա միջոցառմանը, որը կազմակերպել էր «Junge Tat» անվանմամբ շվեյցարական կազմակերպությունը:  

Սելները նախատեսում էր ելույթ ունենալ «ներգաղթի» մասին․ հայեցակարգ, ըստ որի որոշ ներգաղթյալներ, հնարավոր է, ստիպված լինեն հեռանալ, նույնիսկ եթե քաղաքացիություն ունեն:

«Շվեյցարիայի Արգաու կանտոնի ոստիկանները ներխուժեցին ելույթիս ժամանակ, անջատեցին էլեկտրականությունը, ձեռնաշղթաներ հագցրին ինձ և հրեցին,- բողոքել է Սելները X-ի իր միկրոբլոգում:- Ինձ 2 ամսով արգելել են մուտք գործել Արգաու»:

Արգաուի ոստիկանությունը հաստատել է, որ իրենք փակել են միջոցառումն այն բանից հետո, երբ կազմակերպիչները չեն կատարել իրենց պահանջները:

«Հասարակության անվտանգությունն ապահովելու և հակադիր կողմերի մարդկանց  բախումները կանխելու համար միջոցառմանը ելույթ ունեցողը կանգնեցվել է և նրան հրամայվել է հեռանալ կանտոնից», - ասվում է Արգաուի ոստիկանության հայտարարության մեջ: