ԱՄՆ հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին կիրակի օրը քննադատել է իր կուսակցության՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա ներգաղթյալների մասին խոսել է «անմարդկային ձևով»։
Պատասխանելով Թրամփի վերջին մեկնաբանություններին, թե ոչ բոլոր անօրինական ներգաղթյալներն են «մարդ», Քեսիդին NBC News-ին տված հարցազրույցում նշել է. «Նախագահի թեկնածու առաջադրվող Դոնալդ Թրամփի հետ կատարվող լավագույն բանն այն է, որ նա առաջադրվում է Ջո Բայդենի դեմ, որի նկատմամբ շատերը նույնպես կասկածներ ունեն։ Եվ անկեղծ ասած, դրա համար էլ մարդիկ երրորդ կողմ են որոնում։ Այնպես որ, սա ողբալի վիճակ է»:
Միաժամանակ Քեսիդին ասել է, որ ինքը մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին։
Քեսիդին՝ այն սակավաթիվ հանրապետական սենատորներից մեկն է, որը քվեարկել է Թրամփին դատապարտելու օգտին, երբ նրան իմփիչմենթ են հայտարարել 2021 թվականին, նա նաև քննադատել է նախկին նախագահին այն բանի համար, որ նա պատրաստ է «ազատ արձակել» 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում կատարված հանցագործությունների համար դատապարտվածներից մի քանիսին։
«Այս մարդիկ դատապարտվել են։ Շատ անգամներ նրանք մեղավոր են ճանաչվել։ Եթե ձեզ մեղավոր են ճանաչում... ակնհայտորեն դուք հայրենասեր չեք։ Կարծում եմ՝ սա սխալ ազդանշան կլինի»,- մեկնաբանել է սենատորը Թրամփի ծրագիրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը, ելույթ ունենալով Օհայոյում կայացած հանրահավաքում, «պատանդներ» էր անվանել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցած մարդկանց։ Նրա կարծիքով, նրանց նկատմամբ անարդար են վարվել, և ինքը մտադիր է դա ուղղել, եթե դառնա երկրի նախագահ։
Միջոցառման ժամանակ Թրամփը նաև ասել էր, որ որոշ առանց փաստաթղթերի ներգաղթյալներ «մարդ չեն»՝ հավելելով, որ իրեն «թույլ չեն տվել դա ասել, քանի որ արմատական ձախերն ասում են, որ դա սարսափելի բան է»։





























