Թուրքական Vatan-ի թղթակից Արիֆ Թաշքընն իր հրապարակման մեջ մեղադրել է վրացի ոստիկաններին՝ թուրք գործարարների մեքենաների մեջ թմրանյութ գցելու եւ ազատման համար խոշոր չափով գումարներ պահանջելու մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, թե վերջին 2 տարում Վրաստանում տարբեր մեղադրանքներով 100 թուրք գործարար է ձերբակալվել, որոնցից 33-ն ազատ են արձակվել, երբ գործին խառնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Վրաստանում տուժյալ թուրք ընտանիքների օգնության եւ համերաշխության միության նախագահ Նուրիյե Քափաթօղլուն նշել է, թե վրացի ոստիկաները ծուղակի մեջ են գցում թուրքերին՝ նրանց բեռներում թմրանույթեր գցելով։ Ներկայումս Վրաստանի բանտերում 62 թուրք կա, ովքեր հիմնականում անմեղ են»,-նշվում է հրապարակման մեջ՝ անդրադառնալով նաեւ թուրք գործարար Օրհան Աքսուի պատմությանը, ով Վրաստանում մոտ 100 մլն դոլարի ներդրում է արել, 3 բանտ է կառուցել ու այս պահին բանտարկված է իր կառուցած բանտերից մեկում»,-գրում է Vatan-ի թղթակիցը։
Նշենք, որ նախկինում եւս թուրքական թերթերը մեղադրել են վրացական ոստիկանությանը թուրք գործարարների անհիմն ձերբակալությունների մեջ։




























